Հին հայկական քաղցրավենիքի մշակութային նշանակությունը
Հայկական խոհանոց
Հայկական ուտեստները սիրված են իրենց համեղության և ավանդույթների պահպանման համար։ Հայկական քաղցրավենիքները իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հայկական մշակույթում՝ հաճախ ծառայելով որպես հյուրընկալության և առատաձեռնության խորհրդանիշ: Դրանք նաև միջոց են ծանոթանալու երկրի պատմությանը և մշակույթին: Անկախ առիթից՝ քաղցրավենիքները միշտ դրված են հայկական սեղանին:
Հայկական քաղցրավենիքի դարերի պատմությունը արտացոլում է մշակութային ազդեցությունների և խոհարարական արվեստի միաձուլումը: Թե՛ պալատներում, և թե՛ սովորական տներում, քաղցրավենիքները հատուկ տեղ են զբաղեցրել և զբաղեցնում՝ խորհրդանշելով հյուրընկալությունն ու միասնությունը հայերի մեջ:
Դրանք ոչ միայն բավարարում են քաղցրի պահանջը, այլև ծառայում որպես մշակութային <<դեսպաններ>>՝ ներկայացնելով հայկական խոհարարական ժառանգությունը ողջ աշխարհում: Այսօր եւս շարունակում են հպարտություն առաջացնել հայերի շրջանում՝ պահպանելով ավանդույթները և կապելով համայնքները Հայաստանի սահմաններից դուրս:
Հայկական քաղցրավենիքները մեծ դեր են խաղում տոնակատարությունների ժամանակ՝ մարմնավորելով հայկական հյուրընկալության ջերմությունն ու առատաձեռնությունը։ Լինի դա հարսանիք, ծննդյան օր, թե՝ կրոնական տոն, ոչ մի առիթ ամբողջական չէ առանց սեղանը զարդարող ավանդական քաղցրավենիքների:
Գաթայի նախշերից մինչև փախլավայի նուրբ շերտերը, յուրաքանչյուր քաղցրավենիք պատրաստված է խնամքով և սիրով` խորհրդանշելով ընտանիքի և համայնքի կարևորությունը հայ ժողովրդի կյանքում:
Հայկական քաղցրավենիքների պատրաստման հիմնական բաղադրիչներից են՝ մեղրը, ընկույզը և մրգերը, որոնք առատ են Հայաստանի բերրի հողերում:
Հայկական խորհրդանշական քաղցրավենիքներ
Բազմաթիվ հայկական քաղցրավենիքների շարքում մի քանի խորհրդանշական դելիկատեսներ գրավել են աշխարհասփյուռ հայության սրտերը։
Գաթա. այս ավանդական խմորեղենը, որը հաճախ են վայելում տեղացիները, պատրաստվում է կարագային խմորից և շաքարով, ընկույզով, համեմունքներով քաղցր միջուկից: Գաթայի նախշերն ու հարուստ համը դարձնում են այն հայկական հյուրընկալության և ավանդույթի սիրված խորհրդանիշը:
Փախլավա. հայկական խոհանոցի փախլավան պատրաստվում է շերտավոր խմորի, ընկույզի և մեղրի առատ շերտերից: Այս դասական քաղցրավենիքի վրա հայերն իրենց յուրահատկությունն են ընգդծել՝ ավելացնելով համեմունքների և համերի յուրահատուկ խառնուրդ՝ ստեղծելով իսկապես անդիմադրելի համ:
Նազուկ. ծագումով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից՝ նազուկը շերտավոր խմորեղեն է՝ լցված՝ շաքարի, կարագի և թթվասերի քաղցր խառնուրդով: Նրա պարզ, բայց կախվածություն առաջացնող համը դարձրել է այն սիրելի հատուկ առիթների և տոների ժամանակ:
Սուջուխ. սուջուխը ավանդական քաղցրավենիք է, որը պատրաստվում է, սովորաբար ընկույզը կամ նուշը թելերի վրա կախելով և կախանը խտացրած խաղողի հյութի մեջ թաթախելով: Այս խառնուրդին հաճախ ավելացվում է ալյուր՝ այն խտացնելու համար: Այնուհետև ընկույզները չորանում են՝ դառնալով անկրկնելի համ ունեցող քաղցրավենիք։
Թթու լավաշ. թթու լավաշը կամ «մրգային լավաշը» հայկական համեղ քաղցրավենիք է, որը պատրաստված է մրգերի խյուսից, ինչպիսիք են ծիրանը, սալորը կամ կեռասը, որը բարակ քսում են հարթ մակերեսի վրա և չորացնում: Մրգային լավաշը սիրված է իր ինտենսիվ մրգային համով և ձգվող հյուսվածքով, ինչը այն դարձնում է սիրված ընտրություն ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
Չիր. չրերը Հայաստանում նվիրական ավանդույթ են, որոնք լուծում էին մրգերի պահպանման խնդիրը, երբ սառնարաններն անհասանելի էին: Հնում հայերը հավաքում էին սեզոնային մրգերը և չորացնում արևի տակ՝ պատրաստվելով ձմռանը: Այս պատրաստման ձևն այսօր ևս ակտուալ է։ Սիրված տարբերակներից են՝ ծիրանի, ձմերուկի, սալորի, թզի, արքայաթզի և խնձորի չրերը: Չորացրած մրգերն առաջարկում են երկարաժամկետ պահպանման առավելություն՝ ապահովելով համեղ նախուտեստների ամբողջ տարվա մատակարարումը:
Պահպանում և նորացում.
Մինչ հայկական ավանդական քաղցրավենիքները հատուկ տեղ են զբաղեցնում հայերի սրտերում, խոհարարական դաշտը շարունակում է զարգանալ ժամանակակից նորարարություններով: Վերջին տարիներին հայկական ավանդական բաղադրատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերածնվում է, խոհարարները և տնային տնտեսուհիները սկսում են գնահատել հայկական հրուշակեղենի արվեստը:
Հայկական քաղցրավենիքները սկսել են հայտնվել միջազգային ճաշացանկերի մեջ՝ ճանաչում ձեռք բերելով իրենց յուրահատուկ և նուրբ համերով: Լինի դա Լոս Անջելեսի գերժամանակակից սրճարան, թե փարիզյան հացաբուլկեղենի խանութ, հայկական քաղցրավենիքները շարունակ հիացնում են և գրավում նոր երկրպագուների սրտերը ամբողջ աշխարհում: