armenian girl

Հայկական ավանդական հարիսա

  /  Բլոգ   /  Հայկական ավանդական հարիսա

Հայկական ավանդական հարիսա

Հայկական խոհանոցը ազգային մշակույթը բնութագրող կարևորագույն բաղադրիչներից է։

Մի շարք ուտեստների բաղադրատոմսերը չեն փոխվել և մինչև  օրս սերնդեսերունդ փոխանցվում են։ Հայկական խոհանոցը մշտապես առանձանցել է զբոսաշրջիկների կողմից՝ իր համային առաննահատկություններով։ Հայաստանում ամենահայտնի և սիրված ավանդական ուտեստներից է հարիսան ՝ շիլայի նման ուտեստ, որը պատրաստվում է մանրացրած ցորենով և հավի մսով: Հարիսան երկար պատմություն ունի հայկական մշակույթում, որը սկիզբ է առել հին ժամանակներից ։ 

Հայկական հարիսայի պատմությունը

Հարիա բառը ծագել է հարել բառից։ Ըստ Խրիմյան Հայրիկի պատմած ավանդույթի Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո, Վաղարշապատում 60 օր  քարոզել  է հեթանոսներին, ապա ցանկացել է աղքատներին ճաշ տալ։ Եզ ու ոչխար են մորթել, միսը լցրել կաթսաները, կորկոտան (ձավարն) էլ վրան։  Լուսավորչի՝ <<հարեք զսա>> հրամանով ջլապինդ  կտրիճները խառնել  են կաթսայում եղած միսն ու ձավարը։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Ժամանակի ընթացքում հարիսայի պատրաստման եղանակը զարգացավ և դարձավ ավելի քիչ ժամանակատար։ Մեր օրերում այս ուտեստը սովորաբար պատրաստվում է ցորենն ու հավը միասին խաշելով այնքան ժամանակ մինչև փափուկ դառնալը։ Ճաշատեսակը հաճախ համեմում են աղով և պղպեղով ՝ ըստ ճաշակի, վերջում ավելացնում կարագ։ 

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են պատրաստել իրենց  կերակուրը։ Հարիսան եղել է նրանց հիմնական սնունդը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց համար։

Բաղադրատոմսը և պատրաստումը

Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով: Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 սմ ծածկի կաթսայի պարունակությունը: Եռալուց սկսած փրփուրը հեռացնել: Կրակը իջեցնել և եփել մարմանդ կրակի վրա: Երբ զանգվածը թանձրանա, պետք է խառնել փայտե գդալով: Եփել այնքան, որ դառնա ծորուն համասեռ շիլա:  Պարբերաբար խառնել, որ չկպչի: Ընթացքում առանձնացած ոսկորները հանել: Վերջում աղ անել: Մատուցել`վրան յուղ դնելով:

Նշանակությունը հայկական խոհանոցում

Հարիսան ավելին է, քան պարզապես համեղ ուտեստը. այն նաև հայկական մշակութային ժառանգության կարևոր մասն է: Հարիսան հաճախ մատուցվում է կրոնական տոների և հատուկ առիթների ժամանակ, ինչպիսիք են հարսանիքները և կնունքները: Շատ հայեր այն համարում են միասնության և համախմբման խորհրդանիշ, դարերի ընթացքում այն եփել են մեր պապերը, պապերի պապերը  և այսպես շարունակ։ 

Հարիսան դասվում է զորաց ուտելիքների շարքին: Հնում հարիսայի պատրաստումը ընդունված է եղել որպես զոհամատուցման արարողություն: Այն մի ամբողջ գիշեր եփում էին թոնրի մարմանդ կրակի վրա, որպիսզի առավոտյան մատուցեին: Ամանորին պատրաստվող հարիսան տարբերվում էր ամբողջ տարվա ընթացքում պատրաստվող հարիսայից, որովհետև այն ընդհանրապես չէին խառնում, որպիսզի տարին հաշտ ու խաղաղ անցներ: 

Բացի իր մշակութային նշանակությունից, հարիսան հայտնի է նաև առողջության համար օգտակար հատկություններով: Այն հարուստ է սպիտակուցներով և մանրաթելերով։

Հարիսան յուրահատուկ և համեղ ուտեստ է, որը հայկական խոհանոցում զբաղեցնում է իր հաստատուն ու կարևոր տեղը։ Հարիսան իր հարուստ պատմության ու մշակութային նշանակության շնորհիվ դարձել է աշխարհասփյուռ հայերի սիրելի ուտեստը ։ Եթե երբևէ լինեք Հայաստանում, անպայման փորձեք հարիսան և ծանոթացեք այս զարմանահրաշ երկրի Համերին ու ավանդույթներին:

Վերջում նշենք, որ հարիսան հայկական ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցված ուտեստ է և հանդիսանում է հայկական խոհանոցի հիմնական ուտեստներից մեկը: Այն ուտեստ է, որը ներծծված է ավանդույթներով և դարձել է հայ ժողովրդի միասնության և մշակութային ինքնության խորհրդանիշ: Անկախ նրանից, թե դուք սննդարար և հագեցնող ուտեստ եք փնտրում, թե պարզապես ցանկանում եք ծանոթանալ Հայաստանի համերին և ավանդույթներին, հարիսան այն ուտեստն է, որը չպետք է բաց թողնել: