armenian girl

Երբ պատրաստել միջինքի գաթան

  /  Բլոգ   /  Երբ պատրաստել միջինքի գաթան
Armenian Gata

Երբ պատրաստել միջինքի գաթան

Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այդ ժամանակ Մեծ պահքի օրերը կիսվում են: Մեծ պահքի ընթացքը մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված է նշել այդ օրը: Միջինքի տոնը հայկական կենցաղում նշվում է դեռ շատ վաղուց և սիրելի ավանդույթներից է համարվում։ Միջինքի ժամանակ Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Նույնիսկ այդ օրը կարող են իրենց մի փոքր ուրախություն թույլ տալ` չխախտելով պասի խիստ կանոնները։ Ուրախությունն էլ պետք է չափի մեջ լինի, քանի որ պահքը շարունակվում է և այն խախտել չի կարելի, սա վերաբերում է նաև սննդի օգտագործմանը։

Բաղադրություն

Հայկական կենցացում միջինքի տոնի հետ կապված կա մի ավանդույթ, որը կատարվում է գրեթե բոլոր ընտանիքներում: Այդ օրը պատրաստում են հայկական ավանդական գաթա:  Հայկական խոհանոցում միջինքի գաթան ունի մի քանի տարբեր բաղադրատոմսեր քանի որ ամեն մարզ ունի իր հատուկ գաթան` հատուկ բաղադրատոմսով: Շատ կարևոր է, որ գաթան չպարունակի կենդանական ծագման սննդամթերք քանի որ պասի շրջանում դա արգելված է: Միջինքի գաթան չի տարբերվում միայն բաղադրատոմսով, այլ նաև կտրման կարգով և միջուկով: Եվ թե ինչ կդրվի մեջը դա նույնպես հաստատուն չէ, ամեն մարզին հատուկ է իր խորհրդանիշը։

Ավանդույթ

Ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում տան ամենամեծ անդամը գաթա է պատրաստում, որի մեջ մետաղադրամ, ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ, լոբի կամ էլ փայտյա խաչ է դնում և այն կտրում են տան ամենափոքր անդամի մեջքին: Այնուհետև Գաթան բաժանում տան բոլոր անդամներին. Գաթայի մի կտոր բաժին է հասնում նաև անասուններին, հողին: Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը, լոբին կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է լինելու: